skip to Main Content

Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն

Ուսումնասիրությունն իրականացվել է «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է «Հայկական բիզնես կոալիցիան»` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրն իրականացնող կոնսորցիումը , և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական Միության պաշտոնական տեսակետները:

Ի՞նչ է սոցիալական ձեռնարկատիրությունը

Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեության տեսակ է, որի բիզնես մոդելը կառուցվում է սոցիալական խնդիրների լուծման համար, և որն իր շահույթից մասնաբաժին է ուղղում հենց այդ սոցիալական խնդիրների լուծմանը։ Սա նշանակում է, որ երբ ձեռնարկատերը մեկնարկում է բիզնեսը, նա նախապես արդեն գիտի, թե ինչպիսի սոցիալական խնդիր կա դաշտում և ինչպես է բիզնեսն իր գոյությամբ՝ անկախ շահույթի չափից և դրա բաշխումից, լուծելու այդ սոցիալական խնդիրը։ Բիզնես մոդելն այս դեպքում ունիկալ է, և եթե նույնիսկ այն աշխատում է 0-ական շահույթով, միևնույնն է լուծում է որևէ սոցիալական խնդիր։ Սրանով այն տարբերվում է, օրինակ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, որի դեպքում բիզնեսը երբեմն կարող է որոշել, որ ուզում է որոշակի սոցիալական խնդիրների լուծմամբ զբաղվել, բայց կարող է նաև դադարեցնել այդ գործունեությունը, երբ ցանկանա։ Սոցիալական ձեռնարկատիրությունը ամրագրում է սոցիալական բաղադրիչն ի սկզբանե և սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելը չի կարող որևէ պահի դադարեցվել։ Գործունեությունը մեկնարկելիս նա իր վրա դնում է նաև շահույթի բաշխման սահմանափակումներ։ Օրինակ, նա կարող է  սահմանել, որ ստացված շահույթի 50 և ավելի տոկոսը ուղղվելու է այն համայնքին կամ այն սոցիալական խնդրին, որի լուծմանն ուղղված է սոցիալական ձեռնարկատիրությունը։

Բիզնեսը սոցիալական է, եթե․

1. Չի առաջացնում խնդիրներ (օրինակ՝ էկոլոգիական, բնապահպանական և այլն),

2. Լուծում է խնդիրներ։

Սրանով էլ սոցիալական ձեռնարկատիրությունը տարբերվում է ԿՍՊ-ից և բարեգործական ծրագրերից։

Այստեղ իհարկե կարող է օբյեկտիվ հարց առաջանալ, թե ո՞ր բիզնեսմենը կարող է իրեն սահմանափակել նման մեթոդներով։ Միայն նա, ում համար համայնքային խնդիրների լուծումն այնքան կարևոր է, որ նա բիզնեսն սկսում է հենց այդ խնդիրները լուծելու համար՝ միաժամանակ իհարկե հոգալով նաև սեփական ֆինանսական պահանջները:

Back To Top