Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա չեն գործարարների շահերի պաշտպանության այնպիսի մեխանիզմներ, որոնց նկատմամբ շահառուները կցուցաբերեին վստահություն և միաժամանակ այդ մեխանիզմներով հնարավոր կլիներ հասնել խախտված իրավունքների արագ վերականգնման: Գործարարների շահերի պաշտպանության խնդիրն առավել հրատապ է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դեպքում, որոնք չունեն բավարար ռեսուրսներ իրենց շահերը դատական և վարչական կարգով պաշտպանելու համար:
Նման ինստիտուտները Ձեռնարկատիրական հաշտարար (Հարկային Օմբուդսմեն, Բիզնես Օմբուդսմեն), հիմնականում գալիս են ծառայելու հենց ՓՄՁ-երին, լուծելու վերջիններիս և պետական, տեղական ինքնակառավարման մարմինների միջև առաջացած վեճերը անվճար, արտադատարանական կարգով, ապահովելու պետություն-մասնավոր հատված երկխոսությունը:
Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացած է և գործում է արդյունավետ, այնուամենայնիվ, երբ որ ձեռնարակատիրական գործունեության ընթացքում ծագած խնդիրը հնարավոր չէ կապել մարդու իրավունքների խախտման հետ, առկա չէ արտադատական կարգով խնդրիը քննող որևէ մարմին: Թեև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է գործարարությամբ զբաղվող սուբյեկտների խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանություն՝ այնքանով, որքանով այն ուղղված է անձի` սահմանադրությամբ երաշխավորված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի լիարժեք ապահովմանը, այնուամենայնիվ Մարդու իրավունքների պաշտպանի ինտիտուտը մասնագիտացված է և արդյունավետ կերպով իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանություն՝ դասական իմաստով: Բացի այդ, մարդու իրավունքերի պաշտպանության լիազորությունը բավականին ընդգրկուն է և ենթադրում է բազմաթիվ ոլորտներում գործունեության իրականացում և Պաշտպանի գործունեությունը չի սահմանափակվում բացառապես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի հետ կապված բողոքների քննությամբ: Գործարարների շահերի պաշտպանությունը մի շարք դեպքերում կարող է պահանջել դիմումների ուսումնասիրության գործընթացում ոլորտային առանձնահատկությունների հաշվառմամբ համակարգային մոտեցումների ցուցաբերում, խնդրի նեղ մասնագիտական դիտարկում, գործարարների շահերի ներկայացում, ինչով էլ պայմանավորված է ձեռնարկատիրական շահերի պաշտպանության մեջ մասնագիտացված ինքնուրույն մեխանիզմի առկայության անհրաժեշտությունը: Եթե պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողության կամ անգործության դեմ բողոքարկման որոշակի հնարավորություններ առկա են, ապա տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կազմակերպությունների պարագայում բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ առկա չեն:
Շատ հաճախ գործարարների արդյունավետ գործունեությանը խոչընդոտում են առկա օրենսդրական կարգավորումները կամ բացերը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի հետ կապված խնդիրները: Դրանք բարձրաձայնվում են գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցների, հիմնականում` հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն պետական մարմինները հաճախ վերջիններիս դիրքորոշումն ընկալում են որպես միակողմանի, ինչը երկխոսության նպաստավոր պայմաններ չի ապահովում: Այս տեսանկյունից Հաշտարարի գործունեությունը կնպաստի նաև քաղաքականության մշակմանը և առկա օրենսդրական խոչընդոտների վերացմանը, քանի որ կոնկրետ դեպքերի ուսումնասիրության հիման վրա հավաքագրվող տվյալները կարող են խոչընդոտների վերաբերյալ փաստարկները դարձնել առավել ծանրակշիռ:
Գործարար շահերի պաշտպանության առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին վկայում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական գրության, հավելված 10-ով ներկայացված գործարարների ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խախտած իրավունքների վերաբերյալ ստացված գրավոր և բանավոր դիմում-բողոքների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունը և դրանց աճման միտումները : Մասնավորապես, 2018 թվականի ընթացքում ստացված 159 դիմում-բողոքներից չի քննվել կամ բացասական լուծում է ստացել 110-ը /69%-ը/, իսկ ըստ կանխատեղվող միտումների տարեց տարի դրանց քանակը աճում է՝ պահպանելով բացասական հարաբերակցությունը, մոտավոր 49%-ի չափով: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ ՄԻՊ-ի լիազորությունները սահմանափակված են և առկա են միայն այն դեպքում, երբ խախտված է հենց մարդու իրավունքը, ինչը միշտ չի, որ տեղի է ունենում ձեռնարկատիրական իրավունքների խախտման ժամանակ:
Եթե նշված տվյալները համեմատենք Ուկրաինայում գործող Բիզնես Օմբուդսմենի կողմից վարույթ ընդունված և քննված դիմում-բողոքների վիճակագրական տվյալների հետ, ապա ակնհայտ է դառնում, որ գործարար շահերի պաշտպանության մասնագիտացված կառույցը գործում է ավելի արդյունավետ: Այսպես, Ուկրաինայում արձանագրվել է Բիզնես Օմբուդսմենին ներկայացվող դիմում-բողոքների աճի դինամիկա և հասել է մինչև 1717 01.04.2017թ. դրությամբ, որոնցից 66%-ի համար իրականացվել է քննություն, իսկ 2%-ի համար նախնական քննություն: 01.04.2017թ. դրությամբ դիմում-բողոքների հիմքով բացված գործերի 84% հասցվել է ավարտի և փակվել /Աղբյուր՝ Ուկրաինայի Բիզնես Օմբուդսմենի պաշտոնական կայք-էջ boi.org.ua/:
Միաժամանակ ուսումնասիրվել է մի շարք երկների փորձը, մասնավորապես Ավստրալիա, ԱՄՆ, Ֆրանսիայի հանրապետություն, Ղազախստան, Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան: Նշված գրեթե բոլոր երկրներում գործում է Ձեռնարկատիրական հաշտարարի /Գործարար շահերի պաշտպանի/ ինստիտուտը, չնայած, որ այդ երկներում առկա է նաև Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Նշված երկրներում Ձեռնարկատիրական հաշտարարը /Գործարար շահերի պաշտպանը/ անկախ մարմին է, որի ղեկավարը նշանակվում է երկրի վարչապետի կամ նախագահի կողմից, որոշակի ժամկետով և վերջինիս գործառույթներն են գործարարների շահերի պաշտպանությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում: Ուկրաինայի և Վրաստանի Գործարար շահերի պաշտպանի ստեղծմանը աջակցել և ֆինանսավորել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:
Պիլոտային ծրագրեր Գավառում և Գյումրիում
Բիզնես հաշտարարի Գյումրու գրասենյակը իրականացրել է հաշտարարի գործառույթներ 2018 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի մայիս ամիսները: Գործունեության այն կարճ ժամանակահատվածում գրասենյակի աշխատանքների արդյունքում արձանագրվել են մի շարք դեպքեր, որոնք իրենց բնույթով խոչընդոտ են հանդիսանում բիզնես միջավայրի ձևավորմանը: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ բիզնես միջավայրի մասնակիցների նկատմամբ իրականացնում է ոչ իրավաչափ վարչարարություն, որի արդյունքում բազմաթիվ տնտեսվարողներ ենթարկվում են վարչական պատասխանատվության և կրում են նյութական վնասներ: Պետք է փաստել, որ բիզնես միջավայրը չունի պաշտպանության արդյունավետ միջոց, իսկ դատարան դիմելը, հաշվի առնելով դատական քննության ժամկետները, արդյունավետ չեն:
Գավառի փորձնական գրասենյակը՝ գործունեության կարճ ժամանակահատվածում, հիմնականում աշխատել է մարզում տնտեսվարողների հետ, թեև եղել են դիմորդներ նաև Երևանից ու այլ մարզերց: Գրասենյակ առավել ահաճախ դիմել են ՓՄՁ ներկայացուցիչները: Մարզում գործող տնտեսվարողները սովորաբար փորձում են իրենց գործունեության հետ կապված խնդիրները լուծել ինքնուրույն, սակայն առանձին խախտումների դեպքում դիմում են հաշտարարին՝ ակնկալելով խախտված իրավունքներ արդյունավետ պաշտապանություն: Հասկանալի է, որ դիմումների քանակը առայժմ մեծ չէ, հաշվի առնելով գրասենյակի խիստ կարճատև գործունեությունը, գրասենյակի դերի, իրավասությունների և հնարավորությունների մասին ոչ բավարար տեղեկացված լինելու, բիզնես հաշտարարի գործունեության առայժմ ժամանակավոր բնույթի, ինչպես նաև հարկային տեսուչների հետ բիզնես հաշտարարին դիմելու դեպքում հետագա կոնֆլիկտներից խուսափելու պատճառներով:
Այս ընթացքում գրասենյակը աշխատել է շուրջ երկու հարյուր հիսուն շահառուի հետ, ըստ վիճակագրության՝ 193 տղամարդ՝ /ընկերությունների տնօրեններ, անհատ ձեռնարկատերեր, հաշվապահներ, ձեռնարակատիրական գործունեությունում զբաղված բարձր կուրսի ուսանողներ/, 57՝ ՓՄՁ կին ներկայացուցչի հետ:
Գործունեության տեսակները հիմնականում եղել են արտադրություն՝ սննդի, ոչ ոգելից խմիչքների, ուռկանի, բամբակի, ծառայություններ՝ փաստաբանական, առևտուր, գյուղատնտեսություն՝ ֆերմերային տնտեսություն, հողագործություն, սպասարկում՝ սրճարաններ, և հանրային սնունդ՝ սրճարաններ, հյուրանոց-ռեստորան, սրահներ:
Բիզնեսների չափերը՝ միկրո, փոքր, միջին
- Միջին՝ բամբակագործություն, ուռկանի արտադրություն, շինարարություն,
- Փոքր՝ արտադրությունները, հանրային սնունդ, ֆերմերային տնտեսություն
- Գերփոքր՝ հիմնականում առևտուրը, ծառայությունները, սպասարկումը:
Հիմնական խնդիրների տեսակները.
Բիզնես հաշտարարին դիմումատուների խնդիրներն առավել հաճախ պայմանավորված են ոլորտի կարգավորման իրավական դաշտի և իրենց իրավունքների մասին թերի գիտելիքներով կամ վերջինիս բացակայությամբ, հարկային տեսուչների կողմից բիզնեսների նկատմամբ հաճախ դրսևորվող անօրինական կամ ստուգումների ընթացակարգին հակասող դրսևորումներով, արհեստական ճնշումներով և տուգանքներով, azdarar.am-ն իրազեկման հաճախ որպես միակ պատշաճ ձև կիրառելուց առաջացած խնդիրներով, դիմում-բողոքների գրագետ ձևակերպման գիտելիքների և փորձի բացակայությամբ, ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովին դիմելու դժվարություններով և այլն: Դրանք հիմնականում հետևյալն են՝
- ՀԴՄ պարտադրված ակտեր,
- Հղիության նպաստների ստացման դժվարություններ,
- Գերավճարների հաշվանցման դժվարություններ,
- Վարչական տուգանքների միանգամից առավելագույն չափերի պարտադրում,
- Առանց ակտի՝ ծանուցագրերով տուգանքների վճարման պարտադրանքներ,
- Մեկ տարում մեկից ավել հիմնական միջոցների օտարման հետ կապված խնդիրներ,
- ԴԱՀԿ ծառայության, դրա դիմաց վճարի, բռնագանձման գործընթաց,
- Հարկային տեսուչների կողմից բիզնեսների նկատմամբ հաճախ դրսևորվող անօրինական կամ ստուգումների ընթացակարգին հակասող գործողություններ՝ օրինակ՝ բիզնեսը փոստով է ստանում հանձնարարգիր և ակտի նախագիծը ու իմանում է, որ իրեն բռնել են խախտում կատարելիս,
- Այլ՝ տրանսպորտային միջոցների ներմուծման հետ կապված հարկային պարտավորություններ, եղել են հարցեր շինարարական գործունեության հետ կապված,
- Պետական ռեգիստի հետ կապված խնդիրներ
Խոչընդոտ է հանդիսանում նաև պետական մարմինների ոչ թափանցիկ գործունեությունը, նրանց անտարերությունն ու անտեղյակությունը ձեռնարկատիրական խնդիրներին, երկխոսության իսպառ բացակայությունը:
Տրամադրված օգնության տեսակները և առանձին տեսակներով փաստացի տրամադրված օգնության քանակները՝
- Դիմումատուների հետ իրականացվել են իրազեկման աշխատանքներ՝ փորձելով հնարավորիս հանրայնացրել հաշտարարի գործունեությունը,
- Տրվել է հարկային/մաքսային և հաշվապահական խորհրդատվություն, նաև՝ հեռախոսով, էլեկտրոնային եղանակով,
- Օգնել ենք կազմակերպել փաստաթղթերի, նամակների, բողոքների ձևակերպումները,
- Տրվել է խորհրդատվություն պետական գրանցման/վերագրանցման, սննդի անվտանգության պետական տեսչության, կադաստրային, ՏԻՄ-երի, մարզպետարանի ծրագրերի վարչության հետ կապված և այլ հարցերով,
- Տեղեկացրել և օգնել ենք օգտվել թեժ գծերից:
Տրամադրված օգնության արդյունքները.
- Չեղարկվել է ՀԴՄ խախտման մեկ ակտ և հինգ վարչական տուգանք, տասը վարչական տուգանքի գումար նվազեցվել է,
- Ձեռնարկատերերը սկսել են ավելի հաճախ հաշտարարին,
- Ձեռնարկատերերի առավել իրազեկ են գանգատարկման հնարավորության մասին:
Արդյունքում իրականացվել է նաև փաստագրված խնդիրների համակարգում, վերլուծություն, կանոնակարգային և/կամ օրենսդրական հնարավոր փոփոխությունների նախաձեռնությունների քննարկում:
Հաշվի առնելով այս կարճաժամկետ գործունեության արդյունքները, կարելի է եզրակացնել, որ անհրաժեշտ է ստեղծել պետական ինստիտուտ, որը օրենքով սահմանված կարգով իրավասություն կունենա պաշտպանելու գործարարների շահերը, ինչպես նաև հանդես կգա օրենսդրական առաջարկություններով՝ ելնելով բիզնես միջավայրի շահերից: