skip to Main Content
Կայացավ «ՔՀԿ-ԿԻ 2018, Հայաստան» թվով 22-րդ զեկույցի շնորհանդեսը

Կայացավ «ՔՀԿ-ԿԻ 2018, Հայաստան» թվով 22-րդ զեկույցի շնորհանդեսը

Հայաստանում ՔՀԿ ոլորտի կայունությունը բարելավվել է 0.1 կետով՝ 2017 թվականի 3.7 միավորից դառնալով 3.6 միավոր, իսկ նույն ժամանակահատվածում հարևան Վրաստանում և Ադրբեջանում այս ցուցանիշն անկում է գրանցել: Այս մասին հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2018, Հայաստան» զեկույցի շնորհանդեսի ժամանակ խոսեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի փորձագետ Սոնյա Մսրյանը: Վերջինս մի շարք հասարակական կազմակերպությունների, կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությանը ներկայացրեց  արդեն ամենամյա դարձած զեկույցի արդյունքները: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում ՔՀԿ ոլորտի կայունությունը բարելավվել է՝ շնորհիվ բոլոր յոթ ցուցանիշներով գրանցված առաջընթացի։

Շահերի պաշտպանության ոլորտում բարելավումը մասնավորապես պայմանավորված է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին քաղաքական իրադարձությունների ընթացքում ՔՀԿ-ների ստանձնած առանցքային դերակատարմամբ։

Իրավական միջավայրը բարելավվել է ՔՀԿ ոլորտի նկատմամբ պետության կողմից իրականացվող ոտնձգությունների նվազման շնորհիվ։ Կարողությունների զարգացման դրամաշնորհային մեծ թվով ծրագրերը նպաստել են ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների բարելավմանը, առավել բարձր որակի ծառայությունների մատուցմանը և ֆինանսական ռեսուրսների դիվերսիֆիկացիային։ Ոլորտի ենթակառուցվածքներն ընդլայնվել են՝ ՔՀԿ երկխոսության և համագործակցության առավել նոր և բարելավված հարթակների, ինչպես նաև կարողությունների զարգացման ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունների առավել լայն շրջանակի շնորհիվ։

ՔՀԿ-ների հանրային ընկալումը բարելավվել է մեդիա դաշտում ՔՀԿ-ների առավել լայն լուսաբանման և Թավշյա հեղափոխությունից հետո հանրային և կառավարման մարմինների կողմից ոլորտի ընկալման բարելավման արդյունքում։

Կայունության ամենաբարձր աճը գրանցվել է շահերի պաշտպանության ցուցանիշով (2.8), մինչդեռ ՔԿՀ ոլորտի ֆինանսական կայունությունը շարունակում է մնալ որպես առավել մտահոգիչ (4.9): 2018թ. ընթացքում ՔՀԿ ոլորտի կայունության առավել մեծ աճ գրանցվել է շահերի պաշտպանության և հանրային ընկալման ցուցանիշներով:

USAID-ի մեթոդաբանությամբ արդեն թվով 22-րդ զեկույցների շարքը պարբերաբար ներկայացնում է ՔՀԿ ոլորտի վիճակը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի 24 երկրներում:

2018 ընթացքում յոթ երկրներ` Լիտվան, Սլովենիան, Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան, Վրաստանը, Ադրբեջանը և Բելառուսը արձանագրել են ՔՀԿ ոլորտի կայունության անկում, մինչդեռ ինը այլ երկրներ՝ Լեհաստանը, Սլովակիան, Ուկրաինան, Բուլղարիան, Խորվաթիան, Ռումինիան, Բոսնիան, Հունգարիան և Հայաստանը արձանագրել են կայունության աճ: Մյուս երկրներում՝ Էստոնիայում, Չեխիայում, Լատվիայում, Ալբանիայում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Սերբիայում և Ռուսաստանում ՔՀԿ կայունության գնահատականը մնացել է անփոփոխ։

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը նշեց, որ զեկույցը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ՝ Family Health International 360 (FHI360) և The International Center for Not-for-Profit Law (ICNL) կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Զեկույցի ներկայացմանը ներկա էր նաև USAID-Armenia-ի տնօրեն Դեբորա Գրիզերը:

Զեկույցների էլեկտրոնային տարբերակները տե՛ս ստորև՝

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2018, Հայաստան»

“Civil Society Organization Sustainability Index 2018 for Armenia”

CDPF_CSO SI_PPT

EE 2018 CSOSI FINAL

 

Back To Top